Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանում դարձյալ կինոտոն է

Երևանում դարձյալ կինոտոն է
12.07.2017 | 09:11

Մեր մայրաքաղաքն իր ավանդական տոնական հանդերձանքի մեջ է. 14-րդ անգամ մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:
Ծիրանօրհնեքի արարողությունը Սբ Աննա եկեղեցում էր՝ տեղացի և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ:
«Մոսկվա» կինոթատրոնի առջև հանդիսավորությամբ բացվեցին հայ անվանի կինոգործիչներ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի, Յուրի Երզնկյանի աստղերը:
Ինչպես պաշտոնական բացման, այնպես էլ Կարմիր գորգի արարողության ընթացքում «Ոսկե ծիրանի» ռիթմերը ազգային էին՝ ջազային մեկնաբանությամբ: Բացման արարողակարգը փոքր-ինչ փոփոխության էր ենթարկվել: Նախ բոլորին ողջունեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ապա ցուցադրվեց տեսաֆիլմ՝ ի հիշատակ Ռուբեն Գևորգյանցի:


Հաճելի անակնկալներ էր պատրաստել հանդիսության մասնակիցների համար ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ գրել է «Ոսկե ծիրանի» համար օրհներգ, որ իր ղեկավարած ջազ բենդը, որն արդեն մի քանի անգամ ձայնավորել է հայկական համր ֆիլմերը՝ «Ոսկե ծիրանի» առաջարկությամբ և ներկայացրել դրանք կինոփառատոնի բացման արարողությունների ժամանակ, այսուհետ ունենալու է անուն՝ «Ոսկե ծիրան ավանգարդ ֆոլկ բենդ»:
Այս տարի նրանց նվագակցությամբ ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը:
Փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը, թեև դժվարությամբ, այնուամենայնիվ խոստացավ «Ոսկե ծիրանի» կողքին լինել նաև առաջիկա տարիներին:
Կինոփառատոնն ամեն տարվա նման հյուրընկալել է համաշխարհային մեծության դեմքերի, որոնք իրենց համար բացահայտելու են ոչ միայն մեր գլխավոր կինոիրադարձությունը՝ «Ոսկե ծիրանը», այլև Հայաստանն ու հայ ժողովրդին:


Մրցութային ֆիլմերի ցանկում ընդգրկված են խաղարկային, փաստագրական, կարճամետրաժ ֆիլմեր՝ արտասահմանյան և հայկական արտադրության, որոնք վկայում են, որ աշխարհագրական, գաղափարական, հոգեբանական, սոցիալական, տնտեսական և այլ կարգի սահմանազատումները ջնջվում են, երբ դրանք դիտարկվում են ստեղծագործողի, կինոնկարահանողի հայացքով:
Փառատոնին ներկայացված ֆիլմերում արծարծվող թեմաներն ունեն համամարդկային հնչողություն, սակայն դրանցից յուրաքանչյուրը մատուցված է ուրույն լեզվով և պատկերաշարով, ինչպես դիպուկ ձևակերպված է փաստագրական ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված «Ինչո՞ւ է ծիծաղում պարոն Վ.-ն» (ռեժ.՝ Յանա Փափենբրոք, Գերմանիա) ֆիլմի հերոսի շուրթերով. «Յուրաքանչյուրն Աստծո հետ խոսելու իր լեզուն ունի»:


Ի՞նչ են պատմում այդ ֆիլմերը մեր ու իրենց հեղինակների աշխարհի մասին:
Հիշատակված «Ինչո՞ւ է ծիծաղում պարոն Վ.-ն» ֆիլմի հերոսները հոգեկան շեղումներ ունեցող ստեղծագործողներ են, որոնք կյանքին ուղղված իրենց հայացքներում պեղում-հայտնաբերում են սեփական ներաշխարհի խոր շերտերը: Կինոկադրերի շարահար ընթացքի մեջ մեզ են ներկայանում ճշմարտություններ, որոնք երբեմն հակադիր են մեր ընկալումներին, բայց և մտածելու, այդ կարծրացած ընկալումները վերանայելու քայլին են մղում: Տարեց նկարիչը, որ մոտալուտ ծերության տագնապներն է ապրում, իր յուրօրինակ, ոչ ստանդարտ հոգեաշխարհի շերտերից բանաձևում է այսպիսի ճշմարտություն. «Երբ մենակ ես, վախենալու բան չկա»: Լսում ես ու մտածում, որ միայնությունը տիեզերական չարիք կարծող այն մարդիկ, որոնք չունեն հոգեբույժի համապատասխան ախտորոշում, գուցե և կարողանան գտնել սփոփանք ու մխիթարություն իրենց միայնության մեջ, եթե այն կարողացել է գտնել կյանքն այլ ասպեկտներում ապրող ստեղծագործ մտագարը:


Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է Բոյան Վուլետիչի «Տիկին Յ.-ի ռեքվիեմը» ֆիլմը (Բուլղարիա, Սերբիա, Մակեդոնիա, Ռուսաստան, Ֆրանսիա), որը հոգեբանական բեկում ապրող կնոջ մի քանի օրվա տարեգրությունն է արձանագրում: Հանգամանորեն ու նպատակասլաց սեփական մահվանը նախապատրաստվող կինը ատրճանակի կրակոցին նախորդած տեսիլքից սթափվում է ու կտրուկ շրջադարձով վերադառնում կյանք, որտեղ ոչինչ չի փոխվել, ավելին՝ նրան սպասում է նոր ողբերգություն: Բայց մարդը ապրել-մեռնելու իր ընտրության մեջ ունի սեփական, սուբյեկտիվ պատճառաբանություններ, որոնք ավելի վեր են և ուժեղ, քան կյանքի պարտադրած օբյեկտիվ պարագաները: Սա մի պատմություն է, որում ներկայացվող եվրոպական միջավայրն ու կերպարները չափազանց հայկական նկարագիր ունեն:


Զեքի Դեմիրքուբուզի «Անթեղ» ֆիլմը (Թուրքիա) բարոյականության, ընտանեկան արժեքների, ծայրահեղ իրավիճակի բերումով դրանց դավաճանելու, բայց և դրա համար հուզական, զգացմունքային հենք ունենալու մասին կինոպատում է, որը մտածելու առիթ է տալիս հանդիսատեսին: Ֆիլմն արված է շատ հետաքրքիր մոտեցմամբ և սյուժետային յուրօրինակ անցումներով:
«Տատրակի բույնը» ուկրաինական ֆիլմը (ռեժիսոր՝ Տարաս Տկաչենկո) նույնպես կառուցված է կնոջ կերպարի ու նրա ճակատագրի վայրիվերումների վրա: Սկզբում թույլ, անպաշտպան, մոլորված կինը հանգամանքների դրդմամբ դառնում է ուժեղ, նախաձեռնող, ճկուն և սեփական կամքով է տնօրինում իր և ընտանիքի ճակատագիրը: Սրան զուգահեռ ցուցադրվում է տղամարդու դերի փոփոխությունը՝ թելադրված կյանքի նորահայտ չափորոշիչներով: Անկեղծ ասած՝ այս դեպքում համակրանքն այն տղամարդու կողմն է, որը գիտակցում է օբյեկտիվ ճշմարտությունը և կանգնում իր կնոջ կողքին՝ թեկուզ և վերջինս ինչ-ինչ հարցերում շեղվել է կնոջ դերի ավանդական ընկալումներից:


Հնդկական «Ցանկալի Դուրգան» կինոնկարը (ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան) նախ և առաջ կկոտրի հայ հասարակության մեջ կարծրացած այն մտայնությունը, թե հնդկական կինոն միայն երբեմնի «Հայրենիք» և «Սևան» կինոթատրոնների հանդիսատեսի համար նախատեսված մելոդրամաներն են կամ այսօր մեր հոգեբանությունը նպատակասլացորեն խեղող իչաների ու չակորների իմաստազուրկ տարեգրությունը: Սա ֆիլմ է, որը նախ և առաջ աչքի է ընկնում իր բացառիկ օպերատորական լուծումներով. կինոխցիկն առարկայնորեն պատկերում է գլխիվայր շրջված աշխարհն ու իրականությունը, որը, թերևս, այնքան չի առարկայանում ֆիլմի բուն սյուժեում: Սա մի պատմություն է երիտասարդ ամուսինների՝ Կաբերի և Դուրգայի՝ անորոշությունից սկսվող և դեպի անորոշություն ձգվող ուղևորության մասին, որն այդպես էլ չի ունենում հանգուցալուծում: Այս ֆիլմը շեշտադրում է իրականության աբսուրդը, որ ներառում է միֆոլոգիական նյութից մինչև ժամանակակից կյանք ընկած տարածությունը:


Կանադայի և Մեքսիկայի համատեղ արտադրության «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը (ռեժիսոր՝ Սոֆի Գուայետ) եռապատում է Էլիանի, Ռոմեսի, Պաբլոյի իրականության և երազների մասին: Այդ պատմություններին հետևող մարդիկ հազիվ թե լինեն միակարծիք ֆիլմի սյուժետային անցումների ու հանգուցալուծման հարցերում: Երկու աշխարհների միախառնվող սահմանագծում հայտնված հերոսներից մեկը՝ Պաբլոն, նախապատվությունը տալիս է երազների աշխարհին՝ այսպիսի հիմնավորմամբ. «Երազներիս մեջ ես եմ թագավորը»: Մշուշապատ, ասես պաստելային երանգավորմամբ էկրանին գծագրվող բնապատկերներն էլ իրենց հերթին են խտացնում ֆիլմի պատումաշարն ուղեկցող անորոշությունը:
Յուլիուս Շևչիկի «Մասարիկ» ֆիլմը որպես դասագիրք պիտի դիտեն ու յուրացնեն հայաստանյան բոլոր դիվանագետներն ու քաղաքական գործիչները: Սա պատմական ֆիլմ է Չեխոսլովակիա պետության լինել-չլինելու բարդ իրավիճակի մասին, այն մասին, թե ինչպես մեկ գործիչը՝ Բրիտանիայում Չեխոսլովակիայի դեսպան Յան Մասարիկը, հայրենասեր, արժանապատիվ կեցվածքով և ճկուն դիվանագիտությամբ կարողանում է կանխել Չեխոսլովակիայի անհետացումն աշխարհի քարտեզից: Ֆիլմն արված է չափազանց գրավիչ ռեժիսորական լուծումով, դերասանական փայլուն խաղով և մեր ազգային խնդիրների, մասնավորապես արցախյան ձգձգվող ու չհանգուցալուծվող թնջուկի հետ ցնցող ընդհանրությունների առատությամբ:


Ֆիլմը դիտելու ողջ ընթացքում ես երազում էի, որ մենք ևս երբևէ ունենանք մեր մասին պատմող այսպիսի ֆիլմ՝ այսքան գրագետ, այսքան պրոֆեսիոնալ, այսքան բարձր արվեստով արված: Ինչպես պարզվեց գործընկերներիս հետ քննարկման ժամանակ, այդ երազանքով տարվել եմ ոչ միայն ես: Մասնագիտական ախտորոշմամբ խելագար հռչակված Մասարիկը ինքնատիրապետումը կորցնում է, երբ, հոգեբուժարանի մահճակալին պառկած, կարդում է օրվա մամուլն ու տեղեկանում, որ ֆաշիստական Գերմանիան օկուպացրել է իր հայրենիքը՝ Չեխոսլովակիան: Հասկանալի մոլեգնությամբ նա նետվում է դեպի դեղորայքի պահարանն ու ցանկանում կոկաինի մեծ չափաբաժին ընդունել, որն արգելելու նպատակով վրա հասած բուժաշխատողները կանխում են նրան ու փորձում հանգստացնող ներարկել: Հոգեկան հիվանդ համարվող մարդը չափազանց սթափ հայտարարում է. «Խելագար աշխարհում խելագարությո՞ւն եք բուժում»: Նրա շուրթերից հնչում են նաև այլ ճշմարտություններ, զորօրինակ. «Եթե միայն ծաղրածուն է ճշմարտությունն ասում, ուրեմն աշխարհի վերջը եկել է»: Սա ազգասեր չեխի դիտարկումն է իր ապրած ժամանակի՝ 1930-ականների առնչությամբ, որը հասկանալի և ընդունելի պիտի լինի նաև 21-րդ դարում ապրողներիս համար:
Թեև դժվար է այս տարի կինոփառատոնի միջազգային խաղարկային ծրագրում ընդգրկված ֆիլմերի մեջ առանձնացնել լավագույնը, բայց ես ինքս ինձ համար արել եմ այդ ընտրությունը. «Մասարիկը» լավագույնն է:


Միջազգային խաղարկային մրցույթում այս տարի ընդգրկված է նաև հայկական ֆիլմ՝ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը»: Անկախ մրցանակ ստանալ-չստանալու հանգամանքից՝ երևույթը հուսադրող ու խոսուն է:
Բազմազանությամբ աչքի են ընկնում նաև «Հայկական համայնապատկեր», անվանակարգում ընդգրկված ֆիլմերը, որոնց մեջ է հանդիսատեսի համակրանքն արդեն շահած «Կյանք ու կռիվը»: Մհեր Մկրտչյանի այս ֆիլմն աչքի է ընկնում պրոֆեսիոնալիզմով, դերասանական հրաշալի խաղով, օպերատորական դիպուկ լուծումներով: Պատահական չէ, որ անցյալ տարեվերջին կայացած «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ այն արժանացավ մի քանի մրցանակի:
Վավերագրական ֆիլմերի մրցույթում է Արա Մնացականյանի «Դատավարություն» ֆիլմը, որը նոր լույսով է ներկայացնում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արժանապատիվ արարքն ու դատավարությունը:


Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցում է Արջ-Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» ֆիլմը, որը պատմում է Հայաստանը լքած և օտար ափերում աննպատակ դեգերող անառակ որդիների ու նրանց վերադարձի մասին:
Բնականաբար, անհնար է թվարկել և բնութագրել փառատոնային բոլոր ֆիլմերը մեկ հրապարակման մեջ. դրանք այնքա՜ն շատ են, այնքա՜ն բազմազան: Թերևս, մնում է մաղթել բարի դիտում կինոսեր հայ հանդիսատեսին և վստահ լինել, որ յուրաքանչյուրը կկարողանա ընտրել ու դիտել իր ճաշակին համապատասխան ֆիլմեր, իսկ կինոդիտումից հետո վայելել հայ երաժիշտների ջազային կատարումները, որոնք հաճելիորեն կլրացնեն «Ոսկե ծիրան» փառատոնի երեկոյան ժամերը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

14-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն
Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ